
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հարցազրույցի նպատակով հյուրընկալել էր Armenia TV-ին։ Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ նա գտնվում է տնային կալանքի ռեժիմում։
-Այսօր Հանրապետության օրն է և Հանրապետության հրապարակում զորահանդես էր։ Ներկայացվեց վերջին տարիներին գնված սպառազինությունը։ Ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ ուղերձ էր հանրությանը՝ որ ավելի ուժե՞ղ բանակ ունենք այսօր, քան երեկ էր։ -Ես ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։ Եվ ուզում եմ վստահեցնել, որ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ թաքցնի իր ձախողումները։ Քանի որ ամենամեծ ձախողումը ինքը ունեցել է բանակի հարցում, մեր պաշտպանության հարցում, Արցախի հարցում, դրա համար նույնիսկ չեմ պատկերացնում՝ իր արած այս քայլը ինչի է ուղղված։
-«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ունի ուժեղ Հայաստանի անվտանգության ծրագիր։ Այսօրվա զորահանդեսին հետևելով՝ ի՞նչ եք կարծում՝ այն զինատեսակները, որ գնվել են վերջին տարիներին, բավարա՞ր են Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Եվ քանի որ դուք քաղաքական հայտ եք ներկայացրել, ձեր իշխանության գալու պարագայում ինչպիսի՞ սպառազինություն կարող ենք տեսնել Հայաստանում։ -Մեկ զորահանդեսով շատ դժվար է ինչ-որ բան գնահատել՝ թե տեխնիկան, թե այդ տեխնիկայի անհրաժեշտությունը, թե այդ տեխնիկայի հնարավորությունները։ Բայց մենք վստահ ենք, որ մեր իշխանության գալով մենք կգնենք ամենաժամանակակից, ամենակարևոր, ամենապետական տեխնիկան, որը կպաշտպանի մեր ժողովրդին, որը կհագեցնի մեր սահմանները։ Մենք կստեղծենք լուրջ տեխնիկայով հագեցված սահմաններ, կքչացնենք մեր զինծառայողների դերը սահմաններում։ Եվ կլինի խելացի, ճիշտ կազմակերպված բանակ։
Աղբյուրը՝ aravot.am






