
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները հաճախ են փորձում սեփական ձախողումներն ու լեգիտիմության պակասը ծածկել ազգային հիմնարար ինստիտուտների վրա հարձակումներով։ Այսօր ականատեսն ենք դառնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ թիրախավորված, համակարգված և աննախադեպ ագրեսիվ արշավի։ Սակայն պատմական փորձը, հասարակական տրամաբանությունն ու ազգային գիտակցությունը փաստում են մեկ պարզ ճշմարտություն. այս պայքարում իշխանությունները դատապարտված են ձախողման:
Այս պայքարի ապարդյունությունը կանխորոշված է նախ և առաջ խորքային ինստիտուցիոնալ անհամաչափությամբ։ Քաղաքագիտական դասական տեսության համաձայն՝ ցանկացած քաղաքական իշխանություն ընդամենը ժամանակավոր վարչախումբ է, որի լեգիտիմությունը փոփոխական է, կախված ընտրություններից, քաղաքական իրադարձություններից և հանրային տրամադրությունների տատանումներից։ Դրան հակառակ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմական ինստիտուտ է, որը հայոց պետականության բացակայության դարերում ստանձնել և իրականացրել է պետականակերտ ու պետականապահպան գործառույթներ։ Իշխանության փորձերը՝ Եկեղեցին տեղավորել սովորական քաղաքական ընդդիմադիր դերակատարի կամ հասարակական կազմակերպության տրամաբանության մեջ, վկայում են քաղաքական համակարգի խորքային ըմբռնման բացակայության և դատարկության մասին։ Կարճաժամկետ քաղաքական տեխնոլոգիաներն ու PR արշավներն անկարող են չեզոքացնել դարերով ձևավորված պատմամշակութային և հոգևոր ազդեցությունը, քանի որ քաղաքական թիմերը գալիս են և գնում, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կանգուն է մնացել դարերով:
Միևնույն ժամանակ, ցանկացած քաղաքական ուժ Եկեղեցու դեմ պայքարում բախվում է սոցիալական կապիտալի լուրջ անհամաչափության և լեգիտիմության ճգնաժամի։ Իշխանական լեգիտիմությունը, որն արդեն իսկ ենթարկվել է էրոզիայի արտաքին ու ներքին ճգնաժամերի հետևանքով, չի կարող մրցակցել Եկեղեցու հանրային վստահության հետ։ Երբ քաղաքական ուժը փորձում է հանրությանը կանգնեցնել «իշխանություն, թե՞ Եկեղեցի» արհեստական ընտրության առջև, չեզոք և տատանվող զանգվածների մեծ մասը բնազդաբար հակվում է դեպի ավանդական, կայունության սիմվոլ հանդիսացող ինստիտուտը, ինչի արդյունքում իշխանությունը ոչ թե թուլացնում է Եկեղեցին, այլ էլ ավելի է խորացնում սեփական մեկուսացումը հանրության ավանդապաշտ և ազգային հատվածից։ Այս ամենին գումարվում է ինքնության կոդի թիրախավորման հետևանքով առաջացող բումերանգի էֆեկտը, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին հանրային գիտակցության մեջ ընկալվում է ոչ թե որպես լոկ կրոնական կառույց, այլ որպես ազգային ինքնության, լեզվի, մշակույթի և պատմական հիշողության անբաժանելի մաս։ Քաղաքական հարձակումները Եկեղեցու դեմ հանրային ընկալման մեջ փոխարկվում են որպես հարձակում հենց ազգային ինքնության հիմքերի վրա՝ ակտիվացնելով հասարակության ինքնապաշտպանական մեխանիզմները։ Թիրախավորելով Եկեղեցին՝ քաղաքական իշխանությունը ակամայից ստեղծում է հանրային համախմբման նոր առանցք: Պատմահամեմատական վերլուծությունը նույնպես փաստում է այս ընթացքի անհեռանկարայնությունը, քանի որ անգամ տոտալիտար ռեժիմները, որոնք տիրապետում էին բացարձակ վերահսկողության և բռնաճնշումների հսկայական ապարատի, չկարողացան արմատախիլ անել Եկեղեցու դերը հայ հասարակությունից։ Ժամանակակից տեղեկատվական հասարակությունում, որտեղ վարչական լծակները սահմանափակ են, Եկեղեցին լուսանցք մղելու կամ նրա դերը նվազեցնելու փորձերը կրկնակի անհնարին են, իսկ հակաեկեղեցական հռետորաբանությունն այսօր չունի գաղափարական այն հենքը, որը կարող է փոխարինել դարերով ձևավորված հոգևոր-մշակութային համակարգին։
Վերջապես, չպետք է անտեսել նաև համահայկական չափումը և Սփյուռքի գործոնը, քանզի Հայ Առաքելական Եկեղեցին միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինստիտուտ չէ, այլ համահայկական ցանցային համակարգի առանցքը։ Սփյուռքի կառույցները, համայնքային կյանքն ու ինքնության պահպանումը մեծապես հենված են թեմական և հոգևոր ցանցի վրա, և Եկեղեցու դեմ ներքաղաքական պայքարը լուրջ հարված է հասցնում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ էլ ավելի թուլացնելով պետության արտաքին քաղաքական ու դիվանագիտական ռեսուրսն ու ստեղծելով լրացուցիչ ռազմավարական խոցելիություն։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարը քաղաքական մեծագույն կուրություն է։ Իշխանությունները, մտնելով այս վտանգավոր հակամարտության մեջ, պայքարում են ոչ թե կոնկրետ հոգևորականների կամ ինստիտուտի, այլ սեփական ժողովրդի պատմական հիշողության և ինքնության դեմ։
Քաղաքական հռետորաբանությունն ու ժամանակավոր լծակները չեն կարող հաղթել դարերի փորձությունն անցած Վեմին։ Այս պայքարում իշխանությունները հաջողություն չեն ունենալու, որովհետև անցողիկն անկարող է հաղթել հավերժականին։






