
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
Այսօր Արթիկում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը հերթական անգամ բացահայտեց այն վտանգավոր քաղաքական մտածողությունը, որով տարիներ շարունակ առաջնորդվում է գործող իշխանությունը։ Երբ երկրի ղեկավարը հրապարակային հայտարարում է, թե մինչև 2031 թվականը այս կամ այն մարդու տունը պետք է դառնա պետական որևէ կառույց, դա այլևս պարզապես քաղաքական ելույթ չէ․ դա պետականության հիմքերի նկատմամբ ցուցաբերվող բացահայտ անպատասխանատվություն է։
Պետության ղեկավարի գործը օրենքի գերակայություն ապահովելն է, ոչ թե ամբոխահաճո հայտարարություններով մարդկանց մատնանշելն ու հանրային ատելության նոր թիրախներ ստեղծելը։ Ցավոք, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ձեռագիրը վաղուց արդեն կառուցված է նույն պարզունակ մեթոդաբանության վրա՝ ամեն ընտրությունից առաջ հասարակությանը խոստանալ, թե ընտրվելուց հետո անպայման որևէ քաղաքական գործչի, գործարարի կամ ընդդիմախոսի ունեցվածքը վերցնելու է ու «բաժանելու ժողովրդին»։
Սա ոչ թե սոցիալական արդարության քաղաքականություն է, այլ վտանգավոր պոպուլիզմ, որը քայքայում է պետության կարևորագույն հիմքերից մեկը՝ սեփականության անձեռնմխելիության սկզբունքը։ Որևէ լուրջ պետություն չի կարող գոյատևել այն պայմաններում, երբ երկրի ղեկավարն անձամբ որոշում է, թե ում ունեցվածքը պետք է մնա, իսկ ումը՝ վերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
Առավել մտահոգիչ է այն, որ նման հայտարարությունները հնչում են մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է անվտանգային, ժողովրդագրական և տնտեսական լրջագույն մարտահրավերների առաջ։ Երկիրը դեռ չի հաղթահարել պատերազմի ծանր հետևանքները, սահմանային սպառնալիքները շարունակվում են, հազարավոր քաղաքացիներ ապրում են սոցիալական ծանր պայմաններում, սակայն իշխանությունը շարունակում է հանրային օրակարգը լցնել ատելությամբ, բաժանարար գծերով և ներքին թշնամիների փնտրտուքով։
Եվ այստեղ հանրությունը լիարժեք իրավունք ունի հարցնելու՝ իսկ ինչո՞ւ նույն վճռականությամբ իշխանությունը երբեք չի անդրադառնում սեփական քաղաքական թիմի ներսում կուտակված հարստություններին։ Ինչպե՞ս են ՔՊ-ական բազմաթիվ համայնքապետեր ու պաշտոնյաներ կարճ ժամանակում դարձել շքեղ գույքերի, հողատարածքների, բիզնեսների և հսկայական ֆինանսական միջոցների տերեր։ Ինչո՞ւ այս իշխանությունը մշտապես խոսում է ուրիշների ունեցվածքից, բայց խուսափում է բաց ու թափանցիկ ներկայացնել սեփական համակարգի ներսում ձևավորված նոր արտոնյալ խավի իրական պատկերը։
Թող փորձեն իսկապես «թափ տալ» իրենց ՔՊ-ական համայնքապետերին ու պաշտոնյաներին։ Հայաստանի հասարակությունը կտեսնի այնպիսի ունեցվածքներ, կապեր և թվեր, որոնք շատ ավելի մեծ հանրային արձագանք կառաջացնեն, քան իշխանության հերթական բեմականացված հայտարարությունները։
Պետությունը չի կարող կառուցվել վրեժխնդրության, նախանձի և քաղաքական հաշվեհարդարի տրամաբանության վրա։ Այդ ճանապարհը երբեք չի բերել ազգային համախմբման, կայունության կամ զարգացման։ Այն միայն խորացնում է հասարակական բևեռացումը, թուլացնում պետական ինստիտուտները և վերածում երկիրը մեկ մարդու քաղաքական ցանկություններին ծառայող համակարգի։
Հայաստանին այսօր անհրաժեշտ է ազգային պատասխանատվություն, ուժեղ պետական մտածողություն և իշխանություն, որը հասարակությանը չի բաժանի «սևերի» ու «սպիտակների», «յուրայինների» ու «թշնամիների»։ Մեր ժողովրդին պետք է անվտանգ ու արժանապատիվ պետություն, ոչ թե անվերջ քաղաքական ներկայացումներ և նոր թշնամիների որոնում։






